Հանդիպում Նկարիչի Հետ


-Մահանալը արվեստ է:
Ես հայացքս պատուհանից շեղեցի իր կողմը, մտքումս մինչև այս պահը “աշխատանքից ուշանում եմ” էր…
- Ինչպես?,_ հարցրեցի ես:
-Մահանալը… դա մի մեծ արվեստ է,_ ասաց նա իր սովորական ոգևորված հայացքով: Մատների մեջ անհանգիստ խաղացնում էր դատարկ սուրճի բաժակը:
Ես հենվեցի ձեռքիս, ունքերս թեթևակի բարձրացրեցի, նա հասկացավ նշանը և շարունակեց.
-Դե տես,_ նա ձեռքերը պարզեց իր դիմաց, մատները երկար էին, նիհար և գույնավոր,_տեսնում ես? Նկարիչի ձեռքերը միշտ յուղաներկոտ են: Ես միշտ նկարում եմ, ես ապրում եմ նկարելու համար: Բայց մահանալը ինձ համար ամենակարևոր բանն է: Գիտես ինչու?
-Որովհետև այդպես խաղաղություն կգտնի քո հուզումնառատ հոգին,_ բարի ժպիտով հեգնեցի ես:
-ՀահաՀԱԱԱհա, _ հեծկլտաց մի պահ, ապա ձեռքով խփեց սեղանին,_ Ոչ! Ոչ միայն դա:
Ես խորը շունչ հավաքեցի, ժպտացի նորից: Կես ժամվա ընթացքում ինձ համար արդեն սովորական էին դարձել նրա այս անսպասելի շարժումները, աղմուկը, դեմքի արտահայտության կայծակնային փոփոխությունները, իր պահվածքն ընդհանրապես, կողքինների հայացքները, քրթմնջոցը, ջղայնությունը… այո, այո, բերեք հաշիվը, խնդրում եմ: Աշխատանքից ուշանում էի: Բայց ճիշտն ասաց, իհարկե, դեռ այսքան հետաքրքիր չէր եղել:
-Մահանալը արվեստագետի համար շատ կարևոր է: Նամանավանդ, եթե մի քանի լավ կտավ ունես: Եթե այդ քո կտավները գոնե ինչ-ոչ արժեք ունեն, ապա քո մահվանից հետո դրանց գինը կրկնապատկվում է: Նույնիսկ եռապատկվում,_ ասաց նա դեմքը մոտիկացնելով:
Նրա խոսքերի ծխախոտի և սուրճի հոտը ինձ ստիպեց հենվել աթոռիս:
-Ահա,_ ասացի ես:
Նա ուղղվեց:
-Դու ոչ ոքին պետք չես, երբ կենդանի ես, կտավներդ էլ պետք չեն,_ ասաց նա գլխով անելով:
-Բայց,_ ես էլ ուղղվեցի,_ չէ որ շատ նկարիչներ են եղել, որ կենդանի ժամանակ էլ իրենց նկարները մեծ արժեք ունեին… ասենք թեկուզ Ռոտկոն, Պիկասոն, Ռենուառը…
Նա չպատասխանեց, վիլվետե պիդժակի ներքին գրպանից հանեց ծխախոտի տուփը..
-Այո,_ համաձայնվեց,_ բայց….,_ վառեց ծխախոտը,_ դա անհամեմատելի է նրա հետ, թե որքանով թանկացան իրենց կտավները, երբ իրենք մահացան,_ փչեց: – Դրանք հիմա միլիոններ արժեն! Դա միայն բացատրվում է նրանով, որ մարդիկ հասկանում են, որ նկարիչը այլևս չի նկարելու, այսինքն իր կտավների թիվը արդեն սահմանափակ է, արդեն կա կտավների հստակ թիվ, նկարիչը դրանից ավել այլևս չի նկարելու: Իսկ երբ մի բան սահմանափակ է, այն թանկ է իհարկե… Եվ գինը գնալով ու գնալով բարձրանում է, քանի որ նկարը հնանում է… ամեն ինչ արդեն պատմություն է, անիրականություն թվացող մի բան… ռոմանտիկա: ՀԱՀԱՀԱ!,_ կարծես վիշապ լիներ, բերանից ծուխը անպակաս էր, աչքերը խենթանում էին մեկ-մեկ, անհանգիստ նայում էր վրաս, պատուհանին, սեղանին, վրաս…
-Հասկանում եմ,_ հանգիստ ասացի ես և ցուցադրաբար նայեցի ժամին:- Դու ինձ կներես, աշխատանքից եմ ուշանում: Պետք է գնամ… արի հաշիվը ուզենք արդեն:
Կտրուկ շարժումով բռնեց ձեռքս… ես քարացա: Մյուս ձեռքի երկար մատների արանքում պարում էր ծխախոտի նիհար ծուխը, գալարվում, թռչում դեպի առաստաղը, մահանում…
-Դու դեռ չհասկացար, թե ինչի համար ենք հանդիպել…,_ ասաց նա ձեռքս ճզմելով:
Ձեռքս նրբորեն դուրս էի քաշում…
-Իհարկե հասկացա,_ փորձեցի կիսածիծաղով հարթել իրավիճակը, կողքինների զարմանքը, թարս հայացքները:
-Ինչու ես նայում իրենց?,_ լրջացել էր,_ Լսիր` ինչ եմ ասում…
-Լավ…,_հանձնվեցի ես և թույլ տվեցի, որ ձեռքս թմրի նրա կոշտ և զարմանալիորեն ուժեղ մատների արանքում,_ լսում եմ:
-Խոսում էինք մահանալուց,_ ասաց նա և բաց թողեց ձեռքս: Ժպտաց: Ոչինչ չի պատահել, պրն. Մնացականյան: Ինչ ձեռք?…
-Կարևոր է նաև թե ինչպես ես մահանում: Պետք է գեղեցիկ մահանաս: Նկարիչին չի սազում մահանալ անկապ բաներից, ասենք ընկնել մեքենայի տակ…
Մտքիս եկավ Մինասը… խեղճ Մինաս:
-Չի սազում նաև մահանալ զզվելիորեն, ասենք մորթվել, կտոր-կտոր լինել, ճզմվել… պետք է մահանաս գեղեցիկ ձևով, ինչքան հնարավոր է օրիգինալ… հմմ,_ մտածեց:
-Ինքնասպան լինել?,_ հարցրեցի:
-Այո, տարբերակ է… սակայն, արվեստի մարդկանց շարքում դա չափազանց տարածված է, նույնիսկ շաբլոն է արդեն…չէ, ես ավելի լավ միտք ունեմ:
-Սպասի,_ սթափվեցի ես,_ դու ուզում ես մահանալ?
-Իհարկե ուզում եմ: Բոլորն էլ ուզում են մահանալ: Իսկ ինչ է? Դու չես ուզում մահանալ?
-Դե ուզում եմ… բայց ոչ հիմա:
-Դե ինչ կապ ունի?… Ես հիմա եմ ուզում, դու հետո ես ուզում… մեկ է, մահ է:
Ես ծիծաղեցի:
-Դու չես հավատում?,_ հարցրեց նա զարմացած, հանգցրեց ծխախոտը:
-Ինչու? Հավատում եմ իհարկե,_ հանգիստ պատասխանեցի ես:
-Դե լավ է… որովհետև դու պետք է ինձ սպանես,_ դեմքը քարացած ասաց նա:
-Ահա…,_ գլխով արեցի ես:
-Լուրջ եմ խոսում… դու ինձ պետք է սպանես, դա ամենագեղեցիկ ու հետաքրքիր մահը կլինի… ես արդեն պատկերացնում եմ, թե ինչեր են գրելու թերթերում…”երիտասարդ աղջիկը սպանեց երիտասարդ նկարիչին իրենց առաջին հանդիպման ժամանակ…”,_ ձեռքերը ծալեց, նայեց առաստաղին:
Ես բերանս կիսաբաց, քարացած ծիծաղով նայում էի նրան…Բերանս փակեցի, նայեցի սեղանին.
-Հմ,_ ասացի:
-Իսկ ինչպես եմ սպանելու?_ հանկարծ հարցրեցի` զսպելով ծիծաղս:
-Դե,_ ասաց նա առաջին անգամ հանգիստ կեցվածք ընդունած,_ դու ոչինչ էլ պետք չէ անես: Ամենակարևորը, որ եկել ես… ես արդեն մինչ քո գալը թույն եմ խմել… այնպես որ,_ նայեց ժամին,_ արդեն պետք է, որ ազդի:
-Լավ, իսկ ինձ հետ ինչ է լինելու?,_ հենվեցի ես արմունկներով սեղանին: Փորձում էի հավատացնել, որ հավատում էմ:
-Գիտեմ, գիտեմ… էգոիստ եմ,_ձեռքերով փակեց աչքերը,_ քեզ երևի թե կտանեն հոգեբուժարան, կամ էլ կնստեցնեն…. չգիտեմ… կներես,_ բացեց աչքերը, ժպտում էր:
Նա ինձ արդեն ձանձրացնում էր…
-Հմ,_ կրկնեցի ես,_ իսկ ինչպես են հասկանալու, որ ես եմ թունավորել?
-Դե…,_ իր ծիծաղը ծորեց դեմքից:
-Դե,_ կրկնեցի ես:,_ Դե քեզ համար նկարեիր էլի… ինչ ես հա մահանալ, մահանալ…,_ սկսեցի դերասանություն անել,_ այդքան կարևոր է քեզ համար փողը? Դու նկարիչ չես, դու բիզնեսմեն ես… Միևնույն է մահանալու ես ու այդ նկարներիդ “թանկացած”արժեքն էլ չես վայելելու…
Նա նայեց ինձ:
-Ես կդառնամ հայտնի: Իմ մահվանով իմ նկարներն էլ ավելի կգեղեցկանան… ախր ինչպես չես հասկանում… ինձ կհիշեն բոլորը:
-Բայց դու իրենց հիշելը չես հիշի,_ ասացի ես ու խնդրեցի բերեն հաշիվը:

 

 

Հարցեր.

Իսկ դուք համամիտ եք նրա հետ?

Իսկ դուք հավատացիք նրան?

Իսկ ինչու եմ ես նման անկապ բաներ գրում քնելու փոխարեն?

Եվ ինչու եք դուք ժամանակ վատնում ու կարդում սա?

Բա դուք մեղք չեք?

 

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s