Սենյակիս վարագույրը հնդկական է պարում, իսկ լուսինը կոնյակով պաղպաղակ է ծորացնում մեր քաղաքի վրա: Խաղաղ գիշեր է: Քնած են բոլորը, ամենքը ու ամենը, արթուն ենք միայն ես ու կիթառս…էլթոն Ջոն….no sacrifice :)
Հիշողությունների տուփի նեղ կափարիչը պատահաբար մի կողմ էր թեքվել, և այնտեղից մանկությունս ձեռքով էր անում ինձ….Նա էլ քնած չէր….Ինչպես հասնեմ քեզ, մոտենամ….Կոնյակահամ այդ նույն լուսնի խայյամական մատներից գինի է կաթում Աֆղանստանի վրա, հարսանիք է Ուազիր Աքբար Խանի կաթնագույն մարմարից տան մեջ: Եվ պարում է վարագույրը մեղմասահ, և հրեշտակի ոսկեզոծ շրթհարմոնը կաթ-կաթ թրջում է ոտքերս սառած, և մութ է համալսարանի մեծ սրահում, և հորանջում են գրքերը պահոցում, և փակվում են հնագետի աչքերն իր աշխատասենյակում, և էլ չեն լինի այն օրերը խենթ, երբ ցեխաթաթախ տերևների մեջ վազում էի ես ու տաք շուրթերով անձրևը լիզում… արծաթի անձրև, հախճապակե ձյուն, թափանցիկ առավոտ, …
Թափանցիկ առավոտ, երջանիկ ամառ: Սուրբ Ծնունդի պատկերներն անհետացել են մեր պատուհանից, տագնապալից աշունն էլ է հետևում մնացել…Արև է: Այն արևներից, որ շուրթերս ձգում-հասցնում է ականջներիս: Ժպտում եմ….սիրում եմ….
